02.10.2013

Եթե ուզում ես վանական դառնալ...

Լուսանկարը` Արթուր Մանուչարյանի
Ուզում ես վանակա՞ն լինել, սիրի՜ր վանքիդ պատերը, երկար ժամերգությունները, փոշոտ մագաղաթները, լռությունն ու առանձնությունը և սովորիր հաշտ ապրել կիսակատար եղբայրներիդ հետ: Տարիներ հետո այս բոլորը քեզ իրենց խորը գաղտնիքները կհանձնեն, և դու կհասկանաս, որ վանքը մեռնելուց առաջ քո մտած քավարանն է, որտեղ սիրտը, կրակների միջով անցնելով, սովորում է Աստծուն համբուրել: Բայց շուտով վանականն իրազեկ է դառնում, որ իր շուրթերն աղտոտ են, իսկ թևերը` պիղծ, Սիրելիին մոտենալու և Նրան ողջագուրվելու համար: Եվ վանականը մեղքերի հանդեպ իր գիտակցությամբ Սուրբ Նարեկի նման տառապում է և հազար ու մեկ ձևեր փնտրում, որպեսզի մեկ աստիճան ավելի մոտենա Սիրելիին: Վանքը նպատակ չէ, նույնիսկ եթե ամբողջ մի կյանք տրամադրես դրան և այնտեղ թաղվես: Վանքը մեր ճամբորդության վրա դեպի երկինք ուղղված սոսկ կայարան է:


Հատված «Երկու ուխտավոր» վեպից

Комментариев нет:

Отправить комментарий